Կալիֆոռնյան վահանակիրը ծծում է ծառերի ցողունների, ճյուղերի, տերևների և պտուղների հյութը: Նրանք կարող են հանդես գալ ավելի քան 200 տեսակի բույսերի, այդ թվում` պտղատու, դեկորատիվ, անտառային, մինչև իսկ փշատերև ծառատեսակների: Ուժեղ վարակվում են խնձորենին, տանձենին, դեղձենին, շլորենին, ծիրանենին, սերկևիլենին, բալենին, վարդենին, լորենին և այլն:
Բավական է ծառի վրա տեղափոխվի վնասատուի մի քանի առանձնյակ, ընդամենը 2-3 տարվա ընթացքում արագ բազմանալով՝ դրանք կարող են ծառը ծածկել խիտ գաղութներով:
Վնասատուի կենսագործունեության արդյունքում վնասված բույսի կեղևը կարող է ճաքճքել և մեռուկանալ, ամռանը տեղի է ունենում տերևաթափ, ընձյուղները ծռմռվում են, դանդաղում է աճը, դիտվում է որոշ ճյուղերի չորացում, ընդհուպ մինչև բույսի կատարյալ ոչնչացում: Հատկապես տուժում են սածիլները և երիտասարդ ծառերը: Վարակված բույսերի մոտ զգալիորեն իջնում է բերքատվությունը, պտուղների վրա գոյանում են կարմիր բծեր: Ուժեղ վարակվածության դեպքում պտուղները քիչ են աճում, մնում են մանր և կորցնում ապրանքային որակը:
Կալիֆոռնյան վահանակրով ուժեղ վարակված ծառերի վրա հետևողական պայքարի միջոցառումներ չձեռնարկվելու դեպքում դրանք 2-3 տարվա ընթացքում կարող են լիովին չորանալ:
Զարգացում՝ Ձմեռում է թրթուրների առաջին հասակում: Գարնանը, ծառերի հյութաշարժության հետ մեկտեղ, ձմեռած թրթուրներն արթնանում են և սկսում ծծել ծառերի հյութը: Առաջին մաշկափոխությունից հետո, երկրորդ հասակում, առաջ են գալիս էգ և արու թրթուրները, որոնց հետագա զարգացումն ընթանում է տարբեր ձևով: Մայիսի առաջին տասնօրյակից սկսած էգ թրթուրները երկրորդ անգամ մաշկափոխվում են և դառնում են սեռահասուն էգեր, իսկ նույն ժամանակամիջոցում արուի թրթուրները, անցնելով պրոնիմֆայի և նիմֆայի փուլերը, ձևափոխվում են հասուն միջատների: Արուների թռիչքը սովորաբար համընկնում է խնձորենու զանգվածային ծաղկման շրջանի հետ: Էգերը զուգավորվելուց 30-40 օր հետո դնում են թրթուրներ:Նորածին թրթուրները, դուրս գալով վահանիկի տակից, սկսում են թափառել ծառի վրա և հարմար տեղ ընտրելով ՝ ամրանում են և ծծում ծառի հյութը: Ամրանալուց 2-3 օր հետո թափառողի մարմինն արտաքինից ծածկվում է սպիտակ, մոմանման վահանիկով, որը 7-8 օր հետո սկսում է մգանալ՝ սկզբում ընդունելով մոխրավուն, իսկ ավելի ուշ՝ թուխ մոխրավուն երանգ: Այս շրջանում վնասատուի վահանիկը դեռ ամուր չէ և հեշտությամբ քայքայվում է թունանյութերի ազդեցության տակ: Կալիֆոռնյան վահանակրի ամառային առաջին սերնդի զարգացումը տեղի է ունենում հունիսի առաջին տասնօրյակի սկզբից մինչև օգոստոսի կեսերը, իսկ ամառային երկրորդ սերնդինը՝ օգոստոսի երկրորդ տասնօրյակի սկզբից մինչև նոյեմբերի Կալիֆոռնյան վահանակրից զերծ, սակայն վարակի տարածման գոտում գտնվող տնտեսություններից վնասատուի կողմից վնասվող մշակաբույսերի տնկանյութի և արմատակալած սկիզբը: Ընդհանուր առմամբ էգը ծնում է 41-120 թրթուր:
Պայքար՝Արգելվում է կալիֆոռնյան վահանակրի տարածման շրջաններից վնասատուի կողմից վնասվող պտղատու, հատապտղատու, անտառային և դեկորատիվ բույսերի տնկիների և կտրոնների տեղափոխումը վնասատուից ազատ վայրեր, բույսերի բացթողումը թույլատրվում է միայն տեղում վարակազերծումից հետո:Բոլոր տնտեսությունները, որոնք ներմուծում են տնկիներ, կտրոններ և այլ արմատակալած բույսեր, պարտավոր են այդ հարցը նախապես համաձայնեցնել բույսերի կարանտինի գծով պետական ծառայության հետ:
Կալիֆոռնյան վահանակրի դեմ պտղատու ծառերի բարձրաճ սորտերի որակով և լիարժեք սրսկումն ապահովելու համար հարկավոր է էտի օգնությամբ կատարել սաղարթի իջեցում, չորացող ծառերն արմատախիլ անել և այրել:Կալիֆոռնյան վահանակրի դեմ օգտագործվում են տարբեր միջատասպան միջոցներ: Կատարվում է տնկանյութի ֆումիգացիա:Վաղ գարնանը, մինչև ծառերի բողբոջների ուռչելը, երբ օդի միջին ջերմաստիճանը կազմում է 5°C, վահանակրի առաջին հասակի ձմեռած թրթուրների դեմ ծառերը ցողում են հանքայուղային էմուլսիաներով: Հետագայում՝ թափառողների զանգվածային զարգացման շրջանում, ծաղկաթափից անմիջապես հետո ծառերը սրսկում են հետևյալ պատրաստուկներից որևէ մեկով. իմիդակլոպրիդ (70 % ջ.լ.կ.ց.)՝ 0.045-0.05 լ/հա, քլորպիրիֆոս (48 % խ.կ.ց.)՝ 2.0 լ/հա, քլորպիրիֆոս + ցիպերմետրին (55 % խ.է.)՝ 1.5 լ/հա լ/հա, դիմետոատ (40 % խ.է.)՝ 2 լ/հա: Առաջին ցողումից մեկ շաբաթ անց կատարվում է երկրորդ ցողումը երկրորդ սերնդի թափառողների և ամրացած թրթուրների դեմ՝ 2 անգամ, մեկ շաբաթ ընդմիջումով: Ամռանը, վահանակրի թափառողների երևան գալուց 6-7 օր հետո, ապա 10-12 օր անց խնձորենու, տանձենու, սալորենու տնկարկները պետք է սրսկել հետևյալ պատրաստուկներից որևէ մեկով՝ դիմետոատ (40 % խ.է., նոր)՝ 2 լ/հա, մալաթիոն (57 % խ.է.)՝ 1 լ/հա, ֆենիտրոտիոն (50 % խ.է.)՝ 2 լ/հա նորմաներով: Բանվորական հեղուկի ծախսը՝ 1000 լ/հա:
Ամռան ընթացքում խնձորենու, տանձենու, սալորենու ծառերի վրա պտղակերների դեմ տարվող քիմիական միջոցներով պայքարը միաժամանակ նպաստում է կալիֆոռնյան վահանկրի քանակության նվազեցմանը: